1. Ի՞նչպես ընտրեցիր սննդաբանի մասնագիտությունը։
Լինելով գեղարվեստական մարմնամարզության սպորտի վարպետ՝ հոգով, ինչպես նաև կրթությամբ ու աշխատանքով՝ ֆիթնես մարզիչ, կին և մայր, որոշեցի փորձել առողջ սնվելու միջոցով, առողջությունը ամրապնդելով և անհատական սննդակարգ կազմելով՝ օգնել մարդկանց նիհարել, չաղանալ կամ քաշը կայուն պահել, և արդյունքում՝ երջանիկ ապրել։
2. Ի՞նչն է քեզ մոտիվացնում աշխատանքում և կյանքում։
Ինձ մոտիվացնում են ինձ մոտ պարապողների արդյունքները, իմ ընտանիքի և շրջապատի մարդկանց քաջառողջությունը, ինչում ես էլ իմ փոքրիկ ներդրումն ունեմ։
3. Ի՞նչ կարգախոսով ես առաջնորդվում։
Գիտակցի՛ր նպատակդ և համառորեն աշխատիր հասնել ուզածիդ:
4. Ո՞րն է քո հոբբին։
Շոփինգը:
5. Ըստ քեզ՝ ի՞նչ հատկանիշներ կամ գիտելիքներ պետք է ունենա սննդաբանը՝ լավ մասնագետ կոչվելու համար։
Նախ պետք է բանիմաց լինել, գիտելիքների ձեռքբերման ցանկություն ունենալ և անընդհատ կատարելագործվել:
6. Քեզ մոտ հաճախ ենք հանդիպում այա կարգախոսին՝ «ուտում ենք ամեն ինչ և նիհարում ենք», կմանրամասնե՞ս…
Ամեն ինչ շատ պարզ է`օրգանիզմը պետք է ստանա այնքան էներգիա, որքան ծախսում է։ Շատ կերար՝ չաղանում ես, քիչ՝ նիհարում ես: Դե, իհարկե ենթադրվում է, որ գիտես կերածիդ կալորիականությունը և ֆիզիոլոգիական ազդեցությունը:
7. Կնշե՞ս ջրի կարևորությունը նիհարելու ընթացքում։
Եթե հակիրճ, ապա ջուրը, լցնելով ստամոքսի ծավալը, ստեղծում է հագեցվածության զգացողություն, նվազեցնում է դրանով հավելյալ կալորիաների ստանալը: Մշտապես բավական քանակով ջուր խմելը խթանում է օրգանիզմի նյութափոխանակությունը, հեռացնում է օրգանիզմից օգտագործված և ոչ պիտանի մնացորդները:
8. Արդյոք կարելի՞ է հեշտությամբ ձևավորել ճիշտ սննդային վարքագիծ և որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ։
Դա հեշտ է, եթե ունեք կամքի ուժ և նպատակին հասնելու գիտակցում և ձգտում մեկտեղ: Բավական է երեք շաբաթ, հետո դուք կհետևեք այդ վարքագծին ինքնաբերաբար: